Թուրքիայի նախագահական ընտրություններում թեկնածությունը հանած, բայց, նախնական տվյալներով, ավելի քան 200 հազար ձայն ստացած Մուհարեմ Ինջեն դեռ չի որոշել, թե ում է աջակցելու ընտրությունների հնարավոր երկրորդ փուլում, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է թեկնածուի շտաբի աղբյուրը։
Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ տեղեկացրել է, որ հանում է իր թեկնածությունը։ TRT հեռուստաալիքի հրապարակած նախնական տվյալներով՝ Ինջեն ստացել է ձայների ավելի քան 0,4 տոկոսը, նրա օգտին քվեարկել է ավելի քան 234 հազար ընտրող, այդ թվում արտասահմանում։ Թուրքիայի ԿԸՀ-ն ավելի վաղ որոշել էր, որ չնայած Ինջեի հրաժարվելուն, նրա օգտին տրված ձայները չեն զրոյացվի։
«Ներկա պահին ընթանում է գնահատման գործընթաց, թե որ թեկնածուին կաջակցի (Ինջեն)»,- տեղեկացրել է աղբյուրը։
Ինջեն ընտրություններին մասնակցել հրաժարվելուց հետո այդպես էլ չի դիմել իր կողմնակիցներին, թե ում աջակցեն նրանք։ Վերջին հարցումների տվյալներով՝ Ինջեի համար պատրաստ է եղել քվեարկել ընտրողների մոտ 2-3 տոկոսը, սակայն ապրիլի սկզբին այդ թիվը հասել էր 8-9 տոկոսի, Ինջեի օգտին արդեն հասցրել էին քվեարկել արտասահմանյան քվեարկության ընթացքում։
Շաբաթ օրվա գիշերը Քըլըչդարօղլուն եւ Էրդողանը միաժամանակ հարցազրույց են տվել թուրքական հեռուստաալիքներին։ Էրդողանը տեղեկացրել է, որ Ինջեն պատասխանել է իր զանգին, իսկ Քըլըչդարօղլուն նշել է, որ չի կարողացել զանգահարել Ինջեին եւ հրավիրել նրան ընդդիմության հանրահավաքին։
2018թ. նախագահական ընտրություններում Ինջեն ստացել էր ձայների ավելի քան 30 տոկոսը որպես Քըլըչդարօղլուի գլխավորած Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) թեկնածու, բայց 2021թ. Ինջեն դուրս է եկել կուսակցությունից եւ հիմնել իր կուսակցությունը։



























