Տարեցների միջազգային օրը` հոկտեմբերի 1-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ Երեւանի վարչական շրջանների շուրջ 65 տարեցների համար կկազմակերպի էքսկուրսիա մայրաքաղաքի տեսարժան վայրերով։ Էքսկուրսիան կմեկնարկի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11.00-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնի մոտից (Աբովյան 50/5):
Նշենք, որ 2010թ. տվյալներով, Հայաստանի բնակչության 14,6 տոկոսի տարիքը 60 եւ անց է: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Սերունդների համագործակցություն. երիտասարդները՝ տարեցների կողքին» ծրագրի շրջանակներում կներգրավվեն ոչ միայն տարեցներ, այլեւ երիտասարդներ, քանի որ կայուն, ներդաշնակ եւ ամուր հասարակություն ձեւավորելու համար անհրաժեշտ է սերունդների փոխհամագործակցություն եւ հավասար մասնակցություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է բոլոր տարեցներին՝ միջազգային օրվա առթիվ եւ մաղթում նրանց միշտ շրջապատված լինել սիրով ու հոգատարությամբ։ Տարեցներն են, որ իրենց փորձառությամբ ու խորհուրդներով պետք է ճանապարհ ցույց տան ապագա սերունդներին։




























