Կոսովոյի հյուսիսում էթնիկ սերբերը երկուշաբթի փորձել են զավթել տեղական իշխանության շենքերը, որտեղ ալբանացի քաղաքապետերը մտել էին անցած շաբաթ ոստիկանության օգնությամբ, տեղեկացրել է The Associated Press-ը։
Կոսովոյի ոստիկանությունը եւ ՆԱՏՕ գլխավորած ուժերը նկատվել են Զվեչանում՝ չորս կոմունաներից մեկում, իշխանական շենքը պաշտպանելիս, որտեղ անցած ամիս արտահերթ ընտրություններ են եղել, որոնք էթնիկ սերբերը բոյկոտել են։ Քաղաքապետերի պաշտոններին ընտրվել են միայն էթնիկ ալբանացիներ կամ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
Ավելի քան մեկ տասնյակ սերբեր եւ հինգ կոսովցի ոստիկան վիրավորվել են անցած ուրբաթ տեղի ունեցած բախումներում, իսկ սերբական զորքերը Կոսովոյի հետ սահմանին նույն օրը բերվել են մարտական պատրաստվածության վիճակի։
Էթնիկ սերբերը Կոսովոյի հյուսիսում, որոնք մեծամասնություն են կազմում երկրի այդ մասում, փորձել են խանգարել նորընտիր պաշտոնյաներին մտնել վարչական շենքեր։ Կոսովոյի ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, որպեսզի քշի ամբոխին եւ որպեսզի նոր պաշտոնյաները մտնեն գրասենյակներ։
Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը դատապարտել են Կոսովոյի կառավարությանը ոստիկանության գործադրման համար։
Կիրակի երեկոյան Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը նորից հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ իրենք «բոլոր կողմերին նախազգուշացնում են այլ սպառնալիքներից կամ գործողություններից, որոնք կարող են ազդել անվտանգ իրադրության վրա, ներառյալ տեղաշարժի ազատությունը, եւ որոնք կարող են հանգեցնել լարվածության թեժացման»։
Բելգրադում, ուրբաթ օրվա հանրահավաքում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ «Սերբիան ձեռքերը ծալած չի նստի այն պահին, երբ սերբերը Կոսովոյի հյուսիսում ենթարկվում են հարձակման»։
Սակայն սեփական զորքերը սահմանն անցկացնելու Սերբիայի ցանկացած փորձ կնշանակի բախում այնտեղ տեղակայված ՆԱՏՕ զորքերի հետ։





























