Երկուշաբթի զինված բախումներ են սկսվել Տրիպոլիում, Էզ-Զավիա քաղաքի (Տրիպոլիից արեւմուտք) աշխարհազորայինների եւ ուժայինների միջեւ, որոնց աջակցում է Լիբիայի Ազգային միաբանության կառավարությունը (ԱՄԿ)՝ վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորությամբ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով AlHadath հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ բախումներն սկսվել են մայրաքաղաքի կենտրոնում, ԱՄԿ-ի կենտրոնատեղիից ոչ հեռու, ինչպես նաեւ քաղաքի արեւմտյան շրջաններից մեկում։ Շտապօգնության ծառայությունը հայտարարել է ծառայության մակարդակի բարձրացման մասին Տրիպոլիում եւ արվարձաններում։ Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։

Անցած շաբաթ ԱՄԿ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր ռազմական գործողություն սկսելու մասին վառելիքի մաքսանենգությամբ, թմրանյութերի եւ մարդկանց վաճառքով զբաղվող զինված ավազակախմբերից արեւմտյան ափը մաքրելու համար։ Մի քանի օրվա ընթացքում անօդաչուները հարվածել են Ազ-Զավիա քաղաքի շրջաններին, որտեղ գտնվում է երկրում ամենամեծ նավթավերամշակման գործարանը, նավահանգստային շինություններին Միջերկրական ծովի Էլ-Մայա բնակավայրում եւ լիբիական այլ նավահանգստային քաղաքներին։

ԱՄԿ ռազմական գործողությունը քննադատություն է առաջացրել Լիբիայի այլ իշխանությունների կողմից։ Լիբիայի Բարձրագույն  պետական խորհրդի (ԲՊԽ) ղեկավար Հալեդ ալ-Միշրին պահանջել է «հետ կանչել Դբեյբայի՝ անօդաչուներ օգտագործելու իրավունքը»։ Նրա համոզմամբ՝ ԱՄԿ ղեկավարը «անօդաչուներն օգտագործում է, որպեսզի վախեցնի իր քաղաքական հակառակորդներին»։ Լիբիայի խորհրդարանի ներկայացուցիչը դատապարտել է Էզ-Զավիայի ռմբակոծումները՝ նշելով, որ այդ հատուկ գործողությունները «կարող են խափանել երկրում համընդհանուր ընտրությունների նախապատրաստման գործընթացը»։