Այսօրվա հիմնական սպառնալիքներից մեկը տեղեկատվա-հոգեբանական ազդեցությունն է: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Այսօրվա հիմնական սպառնալիքներից մեկը տեղեկատվա-հոգեբանական ազդեցությունն է, ակնհայտ կեղծ, սխալ տեղեկատվության տարածումը։ Նման գործողությունների նպատակը միջազգային ասպարեզում մեր պետությունների հեղինակությունը խարխլելն է։ Եվ ոչ միայն։ Երբեմն կեղծ տեղեկատվության տակ ամփոփվում են նաեւ վտանգավոր, ագրեսիվ գործողություններ։ Օրինակ՝ անօդաչուների հարձակումները Ռուսաստանի Դաշնության վրա. ի՞նչ է դա նշանակում ռազմական դրության ժամանակ: Գրեթե ոչինչ։ Իսկ կեղծ լուրերի տակ դա ամփոփելը, կարծես, թե ստացվում է,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ -Ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ մեզ մոտ, մեկ այլ տեղ սկսում են քննարկել՝ ախ-ախ-ախ։ Ուստի տեղեկատվա-հոգեբանական պատերազմը դա հիմքն է, որի տակ ամփոփված է ամեն ինչ՝ եւ՛ տնտեսությունը, եւ՛ գիտատեխնիկական համագործակցությունը, եւ՛ համացանցը, եւ՛ նույնիսկ զինված հրահրումները»։
Լուկաշենկոյի խոսքով, «Արեւմուտքի փաստացի տեղեկատվական մենաշնորհը, մասնավորապես համացանցի, խոշոր սոցիալական ցանցերի եւ միջազգային լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը միայն նպաստում է դրան»:
Դրա ամենավառ օրինակն, ըստ Բելառուսի նախագահի, Ուկրաինայի ներկայիս իրավիճակն է, որն այժմ օգտագործվում է աշխարհաքաղաքական խաղերում փոխանակման համար։
«Հետախուզական տեղեկատվությունը, որը գալիս է, այդ թվում նաեւ հատուկ ծառայությունների մեր գործընկերային ուղիներով, վկայում է այն մասին, որ թվարկված սպառնալիքները տեսանելի ապագայում միայն կավելանան»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը։ - Եթե մեզանից մեկը մտածում է, որ կհաջողվի պայքարից խուսափել, ապարդյուն։ Դրա վառ օրինակը Ղազախստանի վերջին իրադարձություններն են։ Այնտեղ ներքին տարր կա, ինչպես միշտ։ Հենց այնպես չի լինում, չէ։ Միշտ ինչ-որ ներքին տարր է լինում։ Բայց Ղազախստանի օրինակը նաեւ նրանում է, որ այն ժամանակ բոլորս համախմբվեցինք։ Եվ, կարծես, ոչինչ չարեցինք, բայց հենց տեսան մեր վճռականությունը՝ նահանջեցին։ Ուստի մենք պետք է ավելի մոտ լինենք միմյանց»,- ասել է նա:





























