Միջուկային տերություններն ակտիվորեն արդիականացնում են իրենց զինանոցները, ուկրաինական հակամարտության ֆոնին միջուկային մարտագլխիկների թիվն ավելանում է, վկայում են Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները։

Ինչպես ցույց է տալիս SIPRI վիճակագրությունը, 2023թ. հունվարին այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան եւ Իսրայելը, ընդհանուր ունեցել են մոտ 12 512 միավոր միջուկային զենք, որոնցից 9 576-ը՝ պոտենցիալ օգտագործման պահեստներում, ինչը 86 միավորով ավելի է 2022թ. հունվարի համեմատ։ Մոտ 2 հազար մարտագլխիկ (գրեթե բոլորը պատկանում են ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին) գտնվել են բարձր պատրաստվածության վիճակում, նշել է SIPRI-ն։

Մարտագլխիկների թվով առաջատարների թվում 2023թ. սկզբի դրությամբ զեկույցում նշված են ԱՄՆ-ն՝ 1 770 միավոր, Ռուսաստանը՝ 1 674 միավոր։ Երկու երկրները միասին ունեն ողջ միջուկային զենքի մոտ 90 տոկոսը։ Նրանց հաջորդում են Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան՝ 280 եւ 120 միավոր համապատասխանաբար։

Նշվել է, որ 2022թ. Ռուսաստանի եւ ԱՄՆ միջուկային զինանոցները մնացել են «համեմատաբար կայուն»։ Ի հավելումն միջուկային զենքի օգտագործման համար պիտանի պաշարի՝ երկու երկրներն ունեն նաեւ ավելի քան հազար մարտագլխիկներ, որոնք ավելի վաղ հանվել են զինվորական ծառայությունից։ Ներկա պահին դրանք աստիճանաբար ապամոնտաժվում են։

Չինաստանի միջուկային զինանոցը, SIPRI-ի գնահատմամբ, ավելացել է՝ 350-ից հասնելով 410 մարտագլխիկի։ Ինչպես սպասվում է, թվերը կավելանան։ Զեկույցում ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ Չինաստանը մինչեւ տասնամյակի ավարտը կարող է ավելացնել իր ցուցանիշները՝ հասնելով ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին հավասար մեծությունների։

Մեծ Բրիտանիան, որը 2022թ. իր միջուկային  զինանոցը չի ավելացրել, ամենայն հավանականությամբ, կավելացնի մարտագլխիկների իր պաշարը, նշված է հետազոտությունում։ 2021թ. բրիտանական կառավարության հայտարարության հիման վրա արվել է եզրակացություն, որ սահմանաչափը 225-ից կհասցվի 260-ի։

Նշվել է, որ Ֆրանսիան ակտիվորեն շարունակում է զարգացնել միջուկային ծրագիրը։ Երկրի իշխանությունները շարունակում են երրորդ սերնդի բալիստիկ հրթիռներով ատոմային սուզանավերի, ինչպես նաեւ նոր թեւավոր հրթիռի մշակման աշխատանքը։ Հիշատակվում է նաեւ գոյություն ունեցող համակարգերի նորոգման եւ արդիականացման ծրագրերի մասին։

Հնդկաստանը եւ Պակիստանն իրենց հերթին նույնպես ընդլայնում են իրենց միջուկային զինանոցները։ Երկու երկրները շարունակել են միջուկային համակարգերի նոր տեսակների ստեղծման աշխատանքները 2022թ.։ Չնայած Պակիստանը հնդիկների միջուկային զսպման հիմնական օբյեկտն է, նրանք, միեւնույն է, ակտիվորեն ստեղծում են հեռահար գործողության համակարգեր, որոնք կարող են խոցել թիրախներ «ամբողջ» Չինաստանում։

Հյուսիսային Կորեան, ըստ հաշվետվության, շարունակում է գերակա ուշադրություն հատկացնել իր միջուկային ծրագրին։ Չնայած 2022թ. Հյուսիսային Կորեան փորձնական միջուկային պայթյուններ չի իրականացրել, նրա ղեկավարությունը կատարել է հրթիռների ավելի քան 90 փորձնական արձակումներ։  SIPRI-ի գնահատականներով՝ ներկայում երկրում հավաքվել է մոտ 30 մարտագլխիկ, կա եւս 50-70-ի արտադրության բավականաչափ նյութ։

Հետազոտությունում հիշատակվել է նաեւ այն մասին, որ հրապարակայնորեն միջուկային զենքի առկայությունը չընդունող Իսրայելը եւս արդիականացնում է իր միջուկային զինանոցը։