Ֆրանսիայի ակտիվացումը տարածաշրջանում կարող է խանդի փոքր տեսարաններ առաջացնել Ռուսաստանի մոտ, սակայն չեմ կարծում, թե գլոբալ, մեծ ազդեցություն կունենա ղարաբաղյան հարցի կարգավորման վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վազգեն Կարախանյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջիկա տարածաշրջանային այցը:

«Կարծում եմ` Ռուսաստանը միայնակ չէր որոշել ստանձնել ղարաբաղյան հարցի կարգավորման դերակատարի փիլոնը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները համատեղ որոշում էին կայացրել եւ հարմար էին գտել, որ Ռուսաստանը դառնա նախաձեռնող երկիր:

Նորմալ երեւույթ է, որ Ֆրանսիայի նախագահը գալիս է Հայաստան: Ռուսաստանի մոտ միգուցե հնարավոր են նեղ, փոքրիկ խանդի տեսարաններ, բայց չեմ կարծում, որ գլոբալ, մեծ ազդեցություն կունենա ղարաբաղյան հարցի կարգավորման վրա»,- նշել է Կարախանյանը:

Պատգամավորը նաեւ չի կարծում, թե Ֆրանսիայի նախագահի այցը փոփոխությունների կհանգեցնի ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում: «Գործընթացը գնում է, Ֆրանսիան այն տերություններից է, որն ունի իր ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Հայ-ֆրանսիական բարեկամության շքերթի շարունակությունն է այցը»,- ամփոփել է պատգամավորը:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պետական այցով Հայաստան է այցելելու հոկտեմբերի 6-ին: Նա նաեւ կլինի Վրաստանում եւ Ադրբեջանում: