2022 թվականին Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է գրանցել։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«2022 թվականին մենք արձանագրել ենք ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ, որոնք, ի զարմանս մեզ, նկատվել են նաեւ հակառակորդի կողմից։ Ընդ որում, նա չհասկացավ, որ խոսքը մեր արդյունաբերության արձանագրած իրողությունների մասին է։ Ամեն դեպքում, դա հաճելի իրականություն է: Եվ սա այն նպատակների շարունակությունն է, որ կառավարությունն իր առջեւ դրել է 2022 թվականին»,-ասաց Քոչարյանը։ Նա, մասնավորապես, հայտնեց, որ ՀՀ վարչապետն առնվազն մի քանի խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարության եւ Ազգային Ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նպատակը արդյունաբերության հետ կապված խնդիրների հաղթահարումն է: Նա խոստովանեց, որ բյուրոկրատական բազմաթիվ խնդիրներ կան։ Այդուհանդերձ, դրանց հաղթահարումը «Հայաստանը մոտեցնում է նվիրական նպատակին»։





























