«Բիպարջոյ» ցիկլոնի պատճառով Հնդկաստանի Գուջարաթ նահանգում անցած գիշեր մահացել է երկու մարդ, ուրբաթ տեղեկացրել է The Indian Express թերթը։ NDTV հեռուստաալիքն իր հերթին տեղեկացրել է 22 տուժածի մասին՝ ծառերի տապալվելու եւ տանիքների փլուզվելու պատճառով. քամու արագությունը հասել է վայրկյանում մոտ 39 մետրի։
Արաբական ծովում 10-օրյա մոլեգնումից հետո «Բիպարջոյ» ցիկլոնը հինգշաբթի երեկոյան հարվածել է Գուջարաթի Ջաքհաու նավահանգստից ոչ հեռու գտնվող ափերին։ Նահանգի ներկայացուցիչների նախնական տվյալներով՝ քամին տապալել է 524 ծառ եւ էլեկտրասյուն Գուջարաթի տարբեր վայրերում՝ խափանելով էլեկտրաէներգիայի մատակարարումը մոտ 940 գյուղերում։ Տեղեկացվել է բնակելի տների ավերման մասին։ Իշխանությունները ներկայում տեղեկություններ են հավաքում տուժածների եւ ավերածությունների մասին։
Հնդկաստանի օդերեւութաբանական վարչությունը տեղեկացրել է, որ ցիկլոնն անցել է ծովից ցամաք եւ շարժվում է Ռաջաստան նահանգի ուղղությամբ՝ աստիճանաբար ուժը կորցնելով։ Քամու արագությունը նվազել է՝ վայրկյանում 30-32 մետր։
«Բիպարջոյ» ցիկլոնն ընթացիկ տարում առաջին հզոր ցիկլոնն է շրջանում։ Նրա մոտենալուց առաջ իշխանություններն անվտանգ վայրեր էին տարհանել մոտ 100 հազար մարդու։





























