Ուգանդայի ոստիկանությունը տեղեկացրել է 25 մարդու զոհվելու մասին Կոնգոյի սահմանին մոտ գտնվող դպրոցի դեմ հարձակման հետեւանքով, փոխանցել է The Associated Press-ը։
Ոստիկանության հայտարարությունում նշվել է, որ Դեմոկրատական ուժերի դաշինքը (ԴՈւԴ) ուրբաթ ուշ երեկոյան հարձակում է գործել սահմանամերձ Մպոնդվե քաղաքի դպրոցի դեմ։
Միջնակարգ դպրոցը Կոնգոյի սահմանից հեռու է մոտ 2 կիլոմետր։
«Այրվել է հանրակացարանը, թալանվել պարենի պահեստը։ Դպրոցից ներկա պահին հանվել է 25 մարմին»,- նշվել է հայտարարությունում։
Ուգանդայի կառավարական զորքերը հետեւել են հարձակվողներին Կոնգոյի տարածքում։
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք բոլոր տուժածներն են աշակերտներ եղել։
Տեղի Daily Monitor թերթը, հղում կատարելով անվտանգության ծառայության անանուն աղբյուրներին, տեղեկացրել է, որ հարձակվողները «առեւանգել են մի քանի մարդու»։
Դաշնակցային դեմոկրատական ուժերը կամ ԴՈւԴ-ը մեղադրվում են այն բանում, որ վերջին տարիներին կատարել են բազմաթիվ հարձակումներ քաղաքացիական անձանց դեմ։
ԴՈւԴ-ը դեմ է Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենիի՝ ԱՄՆ դաշնակցի կառավարմանը, որն իշխանության ղեկին է 1986 թվականից։





























