Օդաչու Ջիմ Տուետոն, որը հայտնի է Discovery հեռուստաալիքի «Թռիչք վայրի Ալյասկայի վրայով» սերիալում գլխավոր դերով, մահացել է Այդահոյից որսի եւ ձկնորսության հարցերով զբաղվող գիդի հետ միասին, երբ նրանց ոչ մեծ ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Ունալակլիտում Տուետոյի՝ գյուղական ավիացիայի արտադրության ձեռնարկությունը ցուցադրվել է հեռուստասերիալի երեք սեզոններում տասը տարի առաջ։ Նա եւ ուղեւոր Շեյն Ռեյնոլդսը մահացել են ուրբաթ օրը ափամերձ Շակտուլիկ գյուղի մոտակայքում։
Պարեկները ծանուցվել են SOS ազդանշանի ակտիվացման մասին ուրբաթ տեղական ժամանակով առավոտյան ժամը 11:48-ին, որին հաջորդել է հաղորդագրություն այն մասին, որ Cessna 180 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Շակտուլիկից 35 մղոն հյուսիս-արեւելք: Դեպքի վայր ժամանած զինվորները հայտնաբերել են երկու դի։ Տրանսպորտի անվտանգության հարցերով ազգային խորհուրդը հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում:
Տուետոն ծնվել է Կանզասում եւ մեծացել Մինեսոտայում։ Տեղափոխվել է Ալյասկա՝ Անկորիջի Ալյասկայի համալսարանում հոկեյ խաղալու եւ բնակություն հաստատել Ունալակլիտում, որտեղ հանդիպել է իր կնոջը՝ Ֆերնոյին։ Զույգը եւ նրանց երեք դուստրերը նկարահանվել են Discovery սերիալում, որը եթեր է հեռարձակվել 2011-2012 թվականներին:





























