Nissan Motor Co. և Renault ավտոմոբիլային դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնը 1 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել Nissan-ի և Բեյրութում մոտ մեկ տասնյակ մասնավոր անձանց դեմ՝ Ճապոնիայում իր բանտարկության և իր դեմ տարածված ապատեղեկատվության համար, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով լիբանանյան իշխանություններին:
Իր հայցում Գոնը Nissan-ին և այդ անձանց մեղադրում է զրպարտության և իր դեմ «մեղադրանքներ սարքելու» մեջ, որի պատճառով ինքը հայտնվել է ճաղերի հետևում:
Դատարանի ներկայացուցիչները հայտնել են, որ հայցը ներկայացվել է անցյալ ամիս: Միաժամանակ, աղբյուրները չեն նշել Գոնի կողմից մեղադրվող անձանց անունները։
Գոնը ձերբակալվել է Ճապոնիայում 2018 թվականի նոյեմբերին վստահությունը չարաշահելու, ընկերության ակտիվները անձնական շահի համար օգտագործելու, արժեթղթերի մասին օրենսդրությունը խախտելու մեղադրանքներով, ինչպես նաեւ իր վարձատրության մասին տեղելատվությունը ոչ ամբողջական բացահայտելու համար:
Ըստ դատավոր Սաբբուհ Սուլեյմանի, ով աշխատում է Բեյրութի դատախազությունում, գործի լսումների օրը նշանակվել է սեպտեմբերին։
Դատական պաշտոնյաները, որոնք զրուցել են Associated Press-ի հետ, ասել են, որ ակնկալվում է, որ Nissan-ը և մյուս մեղադրյալներն իրենց ներկայացուցիչներին կուղարկեն Բեյրութ կամ կնշանակեն լիբանանցի փաստաբանի, որը կներկայացնի իրենց շահերը:
69-ամյա Գոնը, ով երկու տասնամյակ ղեկավարել է Nissan-ն ու Renault-ն, բազմիցս բողոքել է իր անմեղության մասին: 2019 թվականի դեկտեմբերին նա գրավի դիմաց ազատ է արձակվել Ճապոնիայում, ապա հանդուգն փախուստի դիմել՝ թաքնվելով արկղում եւ երկրից դուրս եկել մասնավոր ինքնաթիռով։
Ճապոնիայի դատախազությունը երեք ամերիկացիների մեղադրանք է առաջադրել Գոնին երկրից փախչելու համար օգնելու համար:
Նա այժմ ապրում է Լիբանանում, որը արտահանձնման պայմանագիր չունի Ճապոնիայի հետ և չի արտահանձնում իր քաղաքացիներին։ Գոնն ունի Լիբանանի, Ֆրանսիայի և Բրազիլիայի քաղաքացիություն:
Լիբանանը երեք ծանուցում է ստացել Ինտերպոլից՝ Ճապոնիայում և Ֆրանսիայում Գոնի ձերբակալության օրդերների հիման վրա: Ֆրանսիայում նա բախվել է մի շարք իրավական մարտահրավերների, ներառյալ՝ հարկերից խուսափելը և ենթադրյալ փողերի լվացումը, խարդախությունը և ընկերության ակտիվների յուրացումը Renault-Nissan դաշինքը ղեկավարելիս:




























