Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընկերությանը մղում է «նշանակալի ներդրումներ» կատարել երկրում՝ հավելելով, որ նման հայտարարություն սպասվում է մոտ ապագայում, հայտնում է Reuters-ը։

Մասկը նման հայտարարությամբ հանդես է եկել երեքշաբթի Մոդիի հետ հանդիպումից հետ, երբ  Հնդկաստանի առաջնորդը  պետական ​​այցով ժամանել էր ԱՄՆ։ Ավելի վաղ Reuters-ին աղբյուրը հայտնել էր, որ Մասկը Մոդիին կտեղեկացնի Հնդկաստանում արտադրական բազա ստեղծելու ծրագրերի մասին:

«Նա (Մոդին) իսկապես հոգ է տանում Հնդկաստանի մասին, քանի որ նա մղում է մեզ մեծ ներդրումներ կատարել Հնդկաստանում, ինչը մենք մտադիր ենք անել», - հանդիպումից հետո լրագրողներին ասել էր Մասկը: «Ես վստահ եմ, որ Tesla-ն կլինի Հնդկաստանում եւ կանի դա որքան հնարավոր է շուտ»:

Մասկն անցյալ ամիս ասել էր, որ Tesla-ն, ամենայն հավանականությամբ, նոր գործարանի համար վայր կընտրի այս տարվա վերջ՝ ավելացնելով, որ Հնդկաստանը հետաքրքիր վայր է նոր գործարանի համար: