Ով չգիտի Մեսրոպին, կարճ ասեմ. սա նշանակում է դատապարտված ենք հաղթանակի։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:
«Իմ նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը։ Ով չգիտի Մեսրոպին, կարճ ասեմ. սա նշանակում է դատապարտված ենք հաղթանակի։
Ծանր ժամանակների իմ անդավաճան ընկեր, քեզ ճանաչելը պատիվ է, քեզ հետ աշխատելը՝ անխուսափելի հաջողություն։
Շնորհակա՛լ եմ»,-գրել է Թանդիլյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ավագանու ընտրությունները ըստ ամենայնի, տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետի Տիգրան Ավինյանն է: Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։
Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են նաեւ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից Հայկ Գրիգորյանը:
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։





























