Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը շտապ փնտրում է Տավուշի մարզում սողանքային գոտում հայտնված մեծ, կցորդով  բեռնատարների (фуры) վարորդներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է սողանքի գոտում ստեղծվել է Հայաստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից (այն ստեղծվել է հոկտեմբերի 2-ին):

«Խնդրում ենք վերոնշյալ վարորդներին եւ բոլոր նրանց, ովքեր գիտեն նրանց գտնվելու վայրը կամ ունեն որեւէ տեղեկություն սողանքային գոտում հայտնված մեծ, կցորդով  բեռնատարների (фуры) վարորդների վերաբերյալ, շտապ զանգահարել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործող թեժ գծի հեռախոսահամարներով` 911,  010-52-96-90 , 010-36-02-97 , 060­44­02­38»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ երեկ փրկարարներին հաջողվել է ՊՆ ուղղաթիռի եւ երկաթուղային շարժական կռունկի օգնությամբ փլուզման գոտուց դուրս են բերել 9 մարդատար ավտոմեքենա: Հիշեցնենք, որ սողանքից տուժել է առնվազն 35 մեքենա: Այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում երկաթուղային շարժական կռունկի օգնությամբ սողանքային վտանգավոր գոտուց դուրս բերել եւս մեկ մարդատար մեքենա: Հոկտեմբերի 5-ի առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ անհայտ կորածների ցուցակում փոփոխություններ չկան:

Այս պահին անհայտ կորած է համարվում  5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը,  Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը,  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա: