Ադրբեջանի լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտը Ֆրանսիայի նախագահին խնդրում է օժանդակել իրենց երկրում խոսքի ազատության եւ կամարտահայտման խնդիրների լուծման գործում:
Սարկոզին Բաքու է ժամանելու հոկտեմբերի 7-ին:
Դիմումի մեջ հաղորդվում է արտասահմանյան ռադիոկայանների փակման, Էլմար Հուսեյնովի` մինչ օրս չբացահայտված սպանության, լրագրողների հետապնդման եւ նրանց վրա ճնշում գործադրելու դեպքերի մասին:
Դիմումի հեղինակները խնդրում են Ֆրանսիայի նախագահին օժանդակել իրենց այդ խնդիրների լուծման գործում:
Սարկոզիին իրենց դիմումներն են ուղարկել նաեւ այն կազմակերպությունները, որոնք իրավապաշտպան կամպանիա էին սկսել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ի նախօրեին:
Դիմումի հեղինակները անհրաժեշտ են համարում քաղբանտարկյալների եւ գույքի ապահովման հարցերի լուծումը: Նրանք խնդրում են Սարկոզիին արծարծել այդ հարցերը Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:
Դիմումը ստորագրել են կամպանիայի նախաձեռնողներ «Ազատ երաժշտություն անազատ երկրում», «Քաղաքական ազատությունների պաշտպանության միություն» կազմակերպությունները, Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտը, Դեմոկրատիայի եւ խաղաղության ինստիտուտը, Մարդու իրավունքների ակումբը: Դրա հետ մեկտեղ կամպանիային են միացել 13 հասարակական կազմակերպություն, հաղորդում է contact.az-ը:




























