Շինարարական ընկերության խաբված բաժնետերերը պիկետ են կազմակերպել Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ: Բնակիչների խոսքով, Երեւանի կենտրոնում` Արամ 84 հասցեում տեղակայված բնակելի շենքն սկսել են կառուցել մի քանի տարի առաջ: «Երբ արդեն 80 տոկոսով ավարտել էին շինարարությունը, կառուցող «Գերմեկ» ԲԲԸ-ն իրեն սնանկ է հայտարարել` թողնելով մեզ առանց բնակարանների, իսկ մենք վարկեր ունենք բանկերում եւ պարտքեր` քաղաքապետարանին»,-հայտարարում են բնակիչները:

Բնակիչների խոսքով, ԲԲԸ-ի տնօրենը` Տիգրան Մուշեղյանը, հարկ չի համարում անգամ պատասխանել խաբված բնակիչների զանգերին: Նա չի պատասխանել նաեւ NEWS.am-ի թղթակցի հարցին: «Մի քանի անգամ ասել է, որ «շինարարության համար փողերը դեռ հաշվված չեն», մի քանի անգամ խոստացել է շարունակել աշխատանքը «հաջորդ իսկ երկուշաբթի», որն այդպես էլ չի եկել»,-հայտարարում են բաժնետերերը: Նրանց խոսքով, ընկերությունը իրենց չի տվել կառուցվող շինության ակտիվների ընդհանուր գնահատականները: «Թե դրանք ինչ արժեք ունեն, մենք դեռեւս չգիտենք»,-հավելել են նրանք: