Երեւանում, հոկտեմբերի 6-ին` ժամը 13:00-ին, Մոսկվայի տանը տեղի կունենա «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրի հոգեբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում կորոշվեն հայկական 7 բուհերի այն ուսանողների անունները, ովքեր կստանան Մոսկվայի քաղաքապետի կողմից սահմանված կրթաթոշակներ:
Երեւանի պետական համալսարանի, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի , Երեւանի լեզվաբանական համալսարանի , Գյումրիի եւ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանների ուսանողները, ովքեր կարժանանան Մոսկվայի քաղաքապետի կողմից սահմանված կրթաթոշակին, կստանան պլաստիկ քարտեր Մոսկվայի բանկի կողմից:
«Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագիրը Հայաստանում գործում է 2007 թվականից: Կրթաթոշակի հավակնորդների ընտրության հարցում հաշվի է առնվում տվյալ ուսանողի առաջադիմությունը, նրա ծավալած գիտական գործունեությունը, մասնակցությունը բուհի հասարակական կյանքում: Սակայն, ծրագրի կոորդինատոր Արմինե Թութունջյանի վստահեցմամբ, առաջնահերթ կարեւորություն է տրվում ուսանողների սոցիալական կարգավիճակին:
Երեւանի պետական համալսարանից կրթաթոշակի են ներկայացված Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներ Աննա Խիզիցյանը եւ Վերա Ադամյանը, NEWS.am-ին հայտնել են «Մոսկվայի տան» PR-վարչությունից:




























