Առաջիկա տասը օրը կլինի համեմատաբար տաք, օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի 26-27 աստիճանի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով` վերջին մի քանի օրերին օդի ջերմաստիճանի նվազումը պայմանավորված էր ցուրտ հոսանքների ներթափանցմամբ, իսկ այսօրվանից եղանակը տաքանալու է: «Մինչեւ հոկտեմբերի 15-ը տեղումներ չեն սպասվում, այսպես կոչված «փոքր ամառ» կգա: Իսկ նոյեմբերին սպասվում են տեղումներ եւ ցուրտ եղանակ»,- ասաց Զարուհի Պետրոսյանը: Նա բնական է համարում ջերմաստիճանի այս տատանումը, երբ հոկտեմբերին Հայաստանի որոշ վայրերում գրանցվեց նույնիսկ բացասական ջերմաստիճան:

Ջերմաստիճանի նման տատանում, Զարուհի Պետրոսյանի խոսքով, եղել է 1941թ-ին։ Նշենք, որ առաջիկա ձմեռվա մասին կանխատեսումներ կլինեն նոյեմբերին: