ԵԽԽՎ-ի այսօրվա նիստում քննարկվելու է Հայաստանում դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, պետական իրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարութունյանը:

«Մենք կարծում ենք, որ զեկույցը կներկայացվի, կքննարկվի եւ կընդունվի»,-նշել է Հարութունյանը: Պատասխանելով ԵԽԽՎ-ի շրջանակներում պատվիրակության ունեցած հանդիպումների վերաբերյալ հարցին` Դավիթ Հարութունյանը նշել է, որ պատվիրակությունը հանդիպումներ չի ունեցել, եղել են նրա առանձին անդամների հանդիպումներ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են աշնանային նստաշրջանի օրակարգի հետ կապված հարցեր, պատվիրակության անդամների դիրքրոշումը միասնական է, հայտնել է Հարութունյանը:

Ինչ վերաբերվում է «Ազգային ինքնիշխանությունը եւ պետականությունը ժամանակակից միջազգային իրավունքում. ճշգրտման անհրաժեշտություն» փաստաթղթին, ապա Հարութունյանի խոսքով, իր ելույթի ժամանակ նա բազում առաջարկներ է առաջ քաշել, որոնց մի մասը չի ընդունվել:

Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ 80 կողմ եւ 16 դեմ ձայնով ԵԽԽՎ-ն ընդունել է եւս մեկ բանաձեւ Վրաստանի օգտին: «Ազգային ինքնիշխանություն եւ պետականություն ժամանակակից միջազգային իրավունքում. ճշգրտման անհրաժեշտություն» վերտառությամբ փաստաթուղթը կազմել է գերմանացի պատգամավոր Մարինա Շուսթերը: Փաստաթղթում առանձին կետով ներկայացվում է տարածքային աբողջականության հարցը: Գերմանացի պատգամավորը կարծում է, որ տարածքային ամբողջականությունը կայունության երաշխիք է: