Երեւանում շուտով կբացվի Քուվեյթի դեսպանություն: Այս մասին նշվել է այսօր` հոկտեմբերի 5-ին, Երեւանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ Ալ-Շամալիի հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մուստաֆա Ջասեմ Ալ-Շամալիին Երեւան է ժամանել հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին` Է. Նալբանդյանը նշել է, որ 2009 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Քուվեյթ կատարած պետական այցելությունից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, իսկ միջկառավարական հանձնաժողովի ձեւավորումը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Մուստաֆա Ջասեմ Ալ-Շամալին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ անցյալ տարի Քուվեյթում ՀՀ դեսպանության հիմնադրումից ի վեր համագործակցությունը նոր թափ է ստացել, եւ Քուվեյթի իշխանությունները նպատակադրված են առավել խորացնելու փոխշահավետ համագործակցությունն ու այդ նպատակով որոշում է կայացվել Երեւանում բացել Քուվեյթի դեսպանություն:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիները եւ առկա ներուժի արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարն ու Քուվեյթի ֆինանսների նախարարը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:




























