Երեւանում ապամոնտաժվել է 225 գործող կրպակ, թեեւ կառավարությունը խոստացել էր ձեռք չտալ գործող կրպակներին: Այդ մասին, հոկտեմբերի 5-ին, հայտարարել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը կառավարության հարց ու պատասխանի ժամանակ:

«Երեւանում գործում է 2800 կրպակ, սակայն ապամոնտաժվել են դրանց չնչին մասը, այդ թվում 225 գործողները»,-հայտարարել է պատգամավորը: Եթե փողոցային առեւտուրը արգելվում է, ապա դժվար է հասկանալ, թե ինչու են մնացել փողոցների վրա տեղադրված «ամենակարող «Ֆրեշ»-ները (հյութերի վաճառքի կետերը-խմբ.):

Պատասխանելով այս հարցին, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշել է, որ կրպակների ապամոնտաժումը իրականացնում է Երեւանի քաղաքապետարանը, որը ենթական չէ կառավարությանը եւ գործում է սեփական լիազորությունների շրջանակներում:

«Քաղաքային իշխանությունը խնդիր չի դրել պահպանել գործող կրպակները: Եթե քաղաքացիները բողոք ունեն Քաղաքապետարանի այս կամ այն գործողության նկատմամբ, ապա հնարավորություն ունեն ներկայացնել դա դատական կարգով»,-հայտարարել է նախարարը: