Volkswagen-ը ժամանակավորապես կկրճատի էլեկտրական մեքենաների արտադրությունը Էմդենի գործարանում՝ պահանջարկի նվազման պատճառով։ Այս մասին հայտնում է Die Zeit-ը՝ հղում կատարելով Nordwest-Zeitung թերթին։
Երկու շաբաթվա ընթացքում ընկերությունը կկրճատի աշխատանքային հերթափոխերը ID.4 քրոսովերների եւ ID.7 սեդանների արտադրությունում։ Volkswagen-ը երկարացրել է նաեւ կորպորատիվ արձակուրդի տեւողությունը երկու շաբաթից դարձնելով երեք եւ հայտարարել, որ Էմդենի գործարանի 1,5 հազար ժամանակավոր աշխատակիցներից մոտ 300-ը աշխատանքից կազատվեն օգոստոսից։
Ընկերության արտադրական խորհրդի նախագահ Մանֆրեդ Վուլֆի խոսքով՝ նման միջոցառումները պայմանավորված են պահանջարկի նվազմամբ, որը սպասվածից 30 տոկոսով պակաս է։ Ներքին այրման շարժիչով մեքենաների, ինչպիսին Passat-ն է, արտադրության ժամանակացույցը չի փոխվել:





























