Սաուդյան Արաբիան որոշել է մինչև օգոստոս երկարաձգել նավթի արդյունահանման կամավոր կրճատումն օրական 1 մլն բարելով (օր/օր), որն ի սկզբանե նախատեսված էր հուլիս ամսվա համար: Այս մասին հայտնում է Saudi Press Agency-ն՝ վկայակոչելով թագավորության էներգետիկայի նախարարության ներկայացուցչին։
Օգոստոսին, ինչպես հուլիսին, Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման ծավալը, հաշվի առնելով կրճատումը, կկազմի օրական 9 մլն բարել։ Զեկույցում նշվում է, որ օրական 1 մլն բարելի կամավոր կրճատումը հավելում է արտադրությունն օրական 500 հազար բարելով կրճատելու ավելի վաղ ընդունված որոշմանը և կարող է երկարաձգվել ավելի երկար ժամկետով։
Այսպիսով, օգոստոսին թագավորության կողմից արտադրության կրճատման ընդհանուր ծավալը կկազմի օրական 1,5 մլն բարել։
Հունիսի 4-ին Վիեննայում ՕՊԵԿ+-ի նիստից հետո Սաուդյան Արաբիան հայտարարեց հուլիսի համար նավթի արդյունահանման 1 միլիոն բարելով կամավոր կրճատման մասին՝ միջոցառման երկարաձգման հնարավորությամբ: Ինչպես հաղորդում է Saudi Press Agency-ն՝ վկայակոչելով թագավորության էներգետիկայի նախարարության ներկայացուցչին, հավելյալ կրճատումը նախազգուշական միջոց է, որն ուղղված է նավթի շուկայում կայունության և հավասարակշռության պահպանմանը։
Բացի այդ, մայիսին ՕՊԵԿ+-ի մի քանի երկրներ սկսեցին կամավոր կրճատել նավթի արդյունահանումն օրական 1,66 մլն բարելի ընդհանուր ծավալով, մինչդեռ Սաուդյան Արաբիային բաժին է ընկել օրական 500 հազար բարելի կրճատում: Ի սկզբանե այս միջոցը պետք է գործեր մինչև 2023 թվականի վերջը։ Այնուամենայնիվ, ՕՊԵԿ+-ի նիստում բոլոր երկրները, որոնք աջակցեցին կրճատմանը, երկարաձգեցին այն մինչև 2024 թվականի վերջ:




























