Նույնիսկ ամենահոռետեսական սցենարի՝ դրամի 30%-անոց արժեզրկման պայմաններում Հայաստանը չի կանգնի դեֆոլտի առջեւ: Այսօր`հոկտեմբերի 6-ին, հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը` ելույթ ունենալով Երեւանում անցկացվող միջազգային համաժողվի ժամանակ:
Այնուհետեւ, պատասխանելով NEWS.am-ի հարցին, ֆինանսների փոխնախարարն ասաց, որ եվրոպական երկրները խճճվել են, նրանց մոտ շատ բարդ է ելք գտնել պարտքային ճգնաժամից, որն արդեն քաղաքական ենթատեքստ ունի: Նրա խոսքով` Հունաստանի դեֆոլտը օր-օրի ավելի հավանական է դառնում, ու մի շարք այլ երկրներ եւս գնում են դեպի դեֆոլտ:
Ըստ Վ. Արամյանի` Եվրոպական շատ բանկեր, Եվրոպական կենտրոնական բանկի հորդորով, գնել են ռիսկային պարտատոմսեր (մասնավորապես` հունական), երաշխքի ստանալով, որ վնասը կփոխհատուցվի: Բայց ներկայում Եվրոպան կանգնել է երկընտրանքի առջեւ` փրկել բանկերի՞ն, թե՞ կառավարություններին:
«ԱՄՆ-ը մի քայլ կատարեց, բարձրացրեց պարտքի շեմը, բայց դա ժամանակավոր լուծում է, քանի որ հիմնական խնդիրը մակրոտնտեսական հիմք ունի` դա ես չեմ ասում, ակադեմիական աշխարհն է ասում»,- շարունակեց Վ. Արամյանը: Նրա տեղեկացմամբ` ԱՄՆ-ում նույնպես երկընտրանք է`նախ կայունացնել տնտեսությունը, հետո՞ անցնել կառուցվածքային բարեփոխումներին, թե՞ անհապաղ սկսկել կառուցվածքային բարեփոխումները, որոնք հսկայական ծախս են պահանջում:
Այն հարցին, թե արդյոք ռիսկեր չկա՞ն Հայաստանի միջազգային պահուստների համար, որոնց մեծ մասը օտարերկրյա արժեթղթեր են, Վ. Արամյանը պատասխանեց, որ ՀՀ Կենտրոնական բանկը խելամիտ է կառավարում իր միջազգային ակտիվները: «Շատ ուշադիր հետեւում են վարկանշմանը, երբ ԱՄՆ վարկանիշը իջեցվեց, միանշանակ ազդակ էր` աստիճանաբար ճշգրտելու պորտֆել: Չեմ կարծում որ կտրուկ քայլերը այս պարագայում ճիշտ կլինեն: Եվրոպայից ավելի մեծ ռիսկ եմ տեսնում, քան ԱՄՆ-ից, թեկուզ այն պատճառով, որ դոլարը համաշխարհային փողի ֆունկցիա է կատարում, բոլոր գնանշումները ԱՄՆ արժույթով են, որն ավելի է ուժեղացնում նրանց դիրքերը»,- ասաց Վ. Արամյանը: Նա հերքեց այն տեղեկությունները, որ մեր միջազգային պահուստներում առկա են հունական կառավարության պարտատոմսեր: «Իմ իմանալով` հունական պարտատոմս չունենք»,- ասաց Վ. Արամյանը:



























