Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հոկտեմբերի 11-ին հրապարակելու է «Ժամանակ» օրաթերթի ներկայացրած հայցով դատական ակտը: Նշենք, որ թերթը բողոքարկում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի որոշումը,, որով հօգուտ Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից պետք է գանձվի 3 միլիոն դրամ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների եռյակը` Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ, այսօր` հոկտեմբերի 6-ին կայացած նիստում մերժել է «ժամանակի» լիազոր ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած երկու միջնորդությունները: Բաղդասարյանը միջնորդել էր գործին կցել դատական ակտն արտացոլող տեղեկանքը, նաեւ կասեցնել գործի վարույթը:
Դատարանը մերժել է միջնորդությունները եւ հայտնել, որ ակտը կհրապարակվի հոկտեմբերի 11-ին, ժամը 12-ին:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում է պահանջում օրաթերթից՝ 3 մլն-ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում` , օրաթերթում տպագրված «Ադամանդե Ռոբ», «Վոլվո+սպայկա հավասար է Սեդրակ Քոչարյան» եւ «Արյունը Քոչարյանից, կայֆը Ծառուկյանից, հակացնցումը Լֆիկից» հոդվածների համար։
Դատավոր Արայիկ Մելքումյանը հունիսի 6-ին ամբողջությամբ մերժել էր փաստաբանական ծառայության համար պահանջվող երեք միլիոն դրամի պահանջը, սակայն բավարարել էր 1 մլն. վիրավորանքի եւ 2 մլն. զրպարտության համար պահանջվող գումարի հայցը: «Ժամանակ» օրաթերթը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:




























