Հայերը ազգ են` բաղկացած տարբեր բնույթի մարդկանցից` լավագույններից մինչեւ վատագույնները, տարբեր կրոններ դավանող մարդկանցից: Այդ մասին Nouvelles d`Arménie ամսագրին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է հանրաճանաչ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը` խոսելով կրոնական կարծրատիպերի մասին, որոնք բնութագրական են հայ ժողովրդի համար: Նրա խոսքով, պետք է թափ տալ հայերին եւ նրանց մեջ սրսկել մուլտիկուլտուրալիզմ հասկացությունը:
«Միանգամայն բնական է, որ այստեղ կան քրիստոնյաներ, հրեադավաններ եւ մահմեդականներ: Հայաստանը պետք է ընթանա այն ուղիով, որով այժմ շարժվում է Եվրոպան»,-հայտարարել է Շառլ Ազնավուրը` միաժամանակ հերքելով այն տարածված կարծիքը, թե հայերը հանդես են գալիս իսլամի դեմ:
«Մենք իսլամին դեմ չենք: Հայաստանում կան վեց չքնաղ մզկիթներ, որոնք պահպանվել են չնայած Ստալինը կարգադրել էր վերացնել դրանք: Իրանը նպաստել է դրանց վերականգմանը: Պետք է անցյալում թողնել բոլոր արգելքները. մի անգամ ես խոսել են Հայաստանի նախագահի հետ իսլամականացած հայերի մասին` նշելով մի բան ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այդ մարդիկ մերժված են ամեն տեղ, նրանք դժբախտ են: Նրանք օգնության կարիք ունեն»,-հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյեն` անվանելով դա բարի կամքի դրսեւորում, որը կարող է ցուցաբերել ցանկացած հայ:
«Միայն մենք են մեր ներսում որոշում` լինել բարին կամեցող մարդիկ: Մի անգամ քույրս ինձ հարցրեց. դու հավատո՞ւմ ես, որ թուրքը կարող է սպանել քեզ: Հայը եւս կարող է դա անել` ելնելով միեւնույն պատկերացումներից: Ես դա այդպես եմ ընկալում: Ես գիտակցում եմ ռիսկը, բայց անում են այն, ինչ անում եմ: Ի՞նչ է այսօր նշանակում հայ լինել: Ինչ է նշանակում լինեն հայկական սփյուռք: Լավ ուտել, լավ խմել, ունենալ սեփական խանութը եւ խոսել Ցեղասպանության մասին: Դա է նշանակում հայ լինել: Դա շատ քիչ է»,-կարծում է Ազնավուրը:



























