Ֆրանսիայի նախագահը տպավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրով: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 7-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով երկօրյա պետական այցով ժամանել է Հայաստան:
«Ես հուզված եմ»,- հայտարարել է Սարկոզին, հավելելով, որ սա կդառնա իր ամենաուժեղ հիշողություններից մեկը, որն իրեն հիշեցրել է Յադվաշենի թանգարանն ու Ռուանդայում ցեղասպանության թանգարանը:
Նիկոլա Սարկոզին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով նրան ուղեկցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելության ժամանակ:
«Դա հավերժ կմնա իմ սրտում»,- հայտարարել է Սարկոզին, հավելելով, որ հասկանում է միլիոնավոր հայերի զգացմունքները:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հոկտեմբերի 6-ին, երկօրյա պետական այցով ժամանել է Հայաստան, այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Դրանից հետո, նա իր տպավորություններն է կիսել, ասելով, որ թանգարանը շատ տպավորիչ է:
Ֆրանսիայի նախագահը ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին, պատմական փաստաթղթերին, լուսանկարներին: Հիշողությունների գրքում Սարկոզին գրել է. «Ֆրանսիան չի մոռանում»: Ֆրանսիայի նախագահը նաեւ արծաթափայլ եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի համալիրի տարածքում:




























