Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 7-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ` մաղթելով նրան քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ գործունեության մեջ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:

Վստահ եմ, որ Ձեր քաղաքական մեծ փորձառությունը, նախանշված նպատակներին հասնելու հետեւողականությունը հետագայում եւս կծառայեն Ռուսաստանի Դաշնության զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության եւ դերակատարության առավել ամրապնդմանը:

Գոհունակությամբ կարող եմ նշել, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հարցերը մշտապես գտնվել են Ձեր սեւեռուն ուշադրության ներքո:

Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը փոխադարձ աջակցության ու համագործակցության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը եւ գործընկերությունը բոլոր ուղղություններով զարգացնելու մեջ: Այն բխում է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների շահերից եւ նպաստում Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության պահպանմանը:

Բարձր եմ գնահատում մեր միջեւ ստեղծված անձնական վստահելի եւ սերտ հարաբերությունները, որոնք, անկասկած, նպաստում են եւ կնպաստեն ի շահ մեր պետությունների ժողովուրդների կայացվող կարեւոր պայմանավորվածությունների հետագա իրագործմանը:

Հուսով եմ, որ այդ կառուցողական երկխոսությունը կշարունակվի Երեւանում եւ Մոսկվայում նոր հանդիպումների ժամանակ:

Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեր գործունեության մեջ` ի շահ եղբայրական Ռուսաստանի»: