Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմվերի 7-ին, առանձնազրույց է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այդ, Սերժ Սարգսյանը Նիկոլա Սարկոզիին պարգեւատրել է Փառքի շքանշանով` հայ- ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համակողմանի համագործակցության խորացման եւ ընդլայնման, ինչպես նաեւ խաղաղության եւ միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:
Նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի առանձնազրույցին զուգահեռ տեղի են ունեցել պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկված նախարարների երկկողմ հանդիպումները, որտեղ քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:




























