Բրիտանական խորհրդարանի պահպանողական պատգամավոր, Հետախուզության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Մարկ Ֆիլդն ադրբեջանամետ լոբբիից ստանում է տարեկան 6 հազար ֆունտ ստերլինգ, գրում է «The Guardian»-ը:

Պարբերականը գրում է, որ Ֆիլդն անդամակցել է Եվրոպական ադրբեջանական ընկերակցությանը եւ այդ կազմակերպության խորհրդատվական մարմնի անդամ է:

46-ամյա Ֆիլդը Հետախուզության եւ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ամենաերիտասարդ անդամն է: Հանձնաժողովը վերահսկում է Մեծ Բրիտանիայի հետախուզության եւ անվտանգության ծառայությունների գործունեությունը: Ֆիլդը նաեւ Ադրբեջանի հետ միջկուսակցական խմբի նախագահն է:

«Մայիսին Ֆիլդը այցել է Ադրբեջան, որտեղ հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ: Հնգօրյա ուղեւորության արժեքը 3500 ֆունտ է, իսկ 2010թ. հուլիսին Ֆիլդը Բաքվում ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի կոնֆերանսի ընթացքում:

Եվրոպական ադրբեջանական ընկերակցության տնօրենն ու գլխավոր հովանավորը Թեյլ Հեյդարովն է: 26-ամյա գործարարն Ադրբեջանի նախարարներից մեկի որդին է: Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի նախկին ուսանողին անվանում են «Ադրբեջանի Աբրամովիչ» այն բանից հետո, երբ նա մի քանի միլիոն ֆունտ ծախսեց տեղի ֆուտբոլային թիմի վրա»,- գրում է թերթը:

Այս շաբաթ Ֆիլդը մեկնաբանել է Ադրբեջան կատարած այցելությունների կապակցությամբ իրեն ուղղված մեղադրանքները: Ֆիլդը դրանք համարում է աբսուրդային` ընդգծելով, որ ստորագրել է պետական գաղտնիքի պահպանման պարտավորագիր:

Ադրբեջանական կազմակերպությանը Ֆիլդի անդամակցելու կապակցությամբ բողոքել էին լեյբորիստները:

«Նա այն քիչ խորհրդարանականներից մեկն է, ով ունի բրիտանական հատուկ ծառայությունների վրա ազդելու հնարավորություն եւ ստանում է կոնֆիդենցիալ տեղեկություններ: Այդ պատճառով նպատակահարմար չէ, որ նրան վճարի իր երկրում ստատուս-քվոն վիճարկողների դեմ խոշտանգումներով պայքարող կառավորությունից սնվող կազմակերպությունը»,- հայտարարել է Լեյբորիստական կուսակցության անդամ Լիզա Նենդին: