NEWS.am-ը ներկայացնում է «Le Figaro»-ում հրապարկված Ալեն Բարլյուեի եւ Շառլ Ժեգյուի հոդվածը.
«Ինքնաթիռում, որն ուղեւորվում է Երեւան, Նիկոլա Սարկոզին չի թաքցնում, որ մտադիր է Հայոց ցեղասպանության կարեւոր հարցում հասնել իր նպատակին: «Ես նռնակ կնետեմ, որը գործողության մեջ է լինելու»,-ասում է նա պատվիրակության առաջ: Այլ կերպ ասած` հստակ ազդանշան կհաղորդի Թուրքիային, որը մշտապես ժխտել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:
Երկիր ժամանելուց հետո Ֆրանսիայի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որը գտնվում է Արարատ լեռան դիմաց: Նրան ուղեկցում էր ֆրանսահայերի մեծ խումբ, այդ թվում`Էլեն Սեգարան, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, Օ դը Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը: Սարկոզին շատ արագ առանձին հայտարարեց ուղերձի բովանդակության մասին, որը ցանկանում էր հղել այսօր առավոտյան` մամլո ասուլիսում, որից հետո` Երեւանի Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթում:
«Թուրքիան մինչեւ տարեվերջ ժամանակ ունի ցեղասպանությունը ճանաչելու, հակառակ դեպքում մենք կընդունենք օրենքը»,-ասաց նա: Այս պահանջը Սարկոզիին թույլ է տալիս հարգել ընտրություններից առաջ Ֆրանսիայի հայ համայնքին տրված խոստումը: Նա իսկապես պարտավորվել էր այնպես անել, որ Սենատն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2006թ., սակայն արգելափակվել էր վերին պալատում:
Ընտրական խաղադրույք
Վերջին շրջանում սոցիալիստ թեկնածուները, այդ թվում` Ֆրանսուա Օլանդը, նախընտրական շրջանում հայտարարել են, թե ցանկանում են վերոնշյալ նախագիծն ընդգրկել Սենատի օրակարգ: Սա կարեւոր ընտրական խաղադրույք է նախագահական ընտրությունների նախաշեմին, քանի որ կեսմիլիոնանոց հայ համայքն ուժեղ է:
Պետական այց կատարելով` Նիկոլա Սարկոզին պետք է վերցներ նախաձեռնությունը: Պատրիկ Դեւեջյանը հինգշաբթի արդեն գոհ էր. «Ես միամիտ չեմ, ընտրությունները եւս գործն առաջ շարժելու միջոց են», -ասաց Օ դը Սենի պաշտոնյան, ով հայ համայքնի կարեւոր ձայներից է: «Երբ Օլանդը խոսում է մի շարք բաների մասին, դա նույնպես նախընտրական շրջանի համար է»,-հայտարարեց նա:
Իր գործընկեր Սերժ Սարգսյանի հետ Նիկոլա Սարկոզին մեխակներ դրեց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին: «Ֆրանսիան չի մոռանում» գրեց նա հուշամատյանում, իսկ հետո եղեւնի տնկեց պուրակում, ինչպես արել էր Ժակ Շիրակը` 2006 թ-ին:
«Իրողությունների ժխտում»
Հինգշաբթի նախագահը մտահոգ դեմքով ավելի կոշտ արտահայտվեց` դատապարտելով «մերժումը, որն անընդունելի է»:
«Թուրքիան մեծ երկիր է, որ հարգանքի կարժանանա` վերանայելով իր պատմությունը, ինչպես մյուս խոշոր երկրները: Հավաքական ժխտումն ավելի վատ է, քան անհատականը»,-ընդգծեց նա թուրքական սահմանից ընդամենը 25 կմ հեռավորության վրա: Լիբիայից եւ Կոտ դ`Իվուրաից հետո նրա պահանջն արտացոլում է մարդու իրավունքների վերադարձը նախագահի դիավանագիտություն:
Հայաստան կատարած իր այցի ժամանակ նախագահ Ժակ Շիրակն առաջին քայլը կատարեց` կոչ անելով Թուրքիային «ճանաչել ցեղասպանությունը»: Այս անգամ Սարկոզին պատրաստվել էր քայլի, որը կարող է մեծացնել Անկարայի հետ տարաձայնությունը: «Ժամանակն է, որ թուրքերը հրաժարվեն իրողությունների ժխտումից»,-նշում է Ելիսեյան պալատի խորհրդականը»:




























