Մոնղոլական Զախվան այնակում (շրջանում), որը գտնվում է ՌԴ-ի հետ սահմանին, արջամկան սատկած ձագի ուսումնասիրությունը ցույց է տվել այտուցային ժանտախտի պաթոգենի առկայություն, բայց վարակի դեպքեր չկան։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է երկրի զոոնոզային վարակների ուսումնասիրման ազգային կենտրոնի հանրային առողջապահության աշխատանքային ծառայության բաժնի պետ Լհունրեւ Ռոլոմժավը։

«Հուլիսի 19-ին Զախվան այմակից բերել են արջամկան սատկած ձագ, որին գտել են Էրդենեհայրհան սոմոնում (ավանում): Թեստը դրական է եղել։ Մանրէաբանական հետազոտությունները հուլիսի 22-ի ժամը 16.00-ի դրությամբ ցույց են տվել այտուցային ժանտախտի պաթոգենի առկայություն։ Այս առնչությամբ տեղի բնակչությանը եւ զբոսաշրջիկներին, ճամփորդողներին մեկ անգամ եւս հիշեցրել են արջամկների որսի եւ դրանց մսի օգտագործման արգելքի մասին»,- ասել է կենտրոնի մասնագետը։

Վերջին հետազոտությունների արդյունքներով՝ Մոնղոլիայում, 17 այմակներում հայտնաբերվել է  ժանտախտի 137 բնական օջախ։ Վտանգի գոտում են ՌԴ-ին եւ Չինաստանին սահմանակից արեւմտյան շրջանները, որտեղ ամեն տարի գրանցվում են մարդկանց ժանտախտով հիվանդանալու դեպքեր։ Ժանտախտը էնդեմիկ հիվանդություն է Մոնղոլիայի համար։ Երկրի տարածքում հիվանդությունը փոխանցում են կրծողները եւ դրանց վրա ապրող լվերը։ Հիվանդությունը փոխանցվում է հիվանդ կենդանուց մարդուն այդ թվոիմ դրա մսի օգտագործման միջոցով։