Որոշ մերձարեւադարձային բույսեր կաթնասունների կարիքն ունեն, որպեսզի տարածեն իրենց սերմերը։ Դրանցում ավելի շատ սպիրտ է պարունակվում, քան թռչունների համար նախատեսված պտուղներում։ Այսպիսի եզրահանգման են եկել Կանադայի Քալգարիի համալսարանի գիտնականները, երբ ուսումնասիրում էին ավելի քան 70 բույսեր Կոստա Ռիկայի անտառներում, գրել է Proceedings of the Royal Society B ամսագիրը։

Հետազոտողները նմուշները բաժանել են երեք խմբի՝ վառ եւ փոքր պտուղներ թռչունների համար, որոնք ուտում են փափկանյութն ու տարածում սերմերը շրջակայքում, խոշոր եւ ոչ շատ նկատելի պտուղներ, որոնցով սնվում են կաթնասունները, եւ խառը խումբ։

Գիտնականները բոլոր նմուշները տեղավորել են պլաստիկե փաթեթներում, իսկ հետո չափել են էթանոլի քանակը, որը կուտակվել էր խոնավ գոլորշիներում։ Պարզվել է, որ սպիրտ է եղել պտուղների 78 տոկոսի մեջ, ընդ որում՝ կաթնասունների համար նախատեսված խմբում դրա պարունակությունն ավելի բարձր էր, քան մյուս խմբերում։

Էթանոլի առավելագույն կուտակումը՝ 1,5 տոկոս, հետազոտողները հայտնաբերել են Յամայկայի սալորների մեջ։

Բայց բանն այն չէ, որ կենդանիները թռչունների ավելի ուժեղ հակում ունեն սպիրտի հանդեպ։ Պարզապես, եթե թռչուններն ավելի շատ հենվում են տեսողության վրա, ապա կաթնասունները դա անում են հոտառությամբ։ Ալկոհոլի բույրը նրանց ազդանշան է տալիս, որ պտուղներում սննդարար շատ շաքարներ կան։