ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի շեֆ-խոհարար Թաֆարի Քեմփբելին մահացած են գտել Մասաչուսեթսի նահանգի Մարտաս Վանյարդ կղզու լճակում, տեղեկացրել է ABC հեռուստաալիքը։
Ինչպես նշել է The New York Times թերթը, միջադեպը տեղի է ունեցել Օբամայի ամառային նստավայրից ոչ հեռու։
ABC-ի տվյալներով՝ 45-ամյա Քեմփբելի մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի առավոտյան Էդգարթաուն քաղաքի լճակում, 2,5 մետր խորության վրա եւ ափից մոտ 30 մետր հեռավորությամբ։ Տղամարդն անհետացել էր հուլիսի 23-ին փադլբորդինգով (սերֆինգի տեսակ) զբաղվելու ժամանակ։
«Թաֆարին մեր ընտանիքի անդամն էր։ Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, նա տաղանդավոր սու-շեֆ էր Սպիտակ տանը, տարված էր կերակուրների պատրաստմամբ եւ մարդկանց մերձեցնելու դրա հնարավորությամբ։ Ավելի ուշ մենք նրան ճանաչեցինք որպես ջերմ, ուրախ եւ անհավանականորեն բարի մարդու, որը մեր կյանքը շատ ավելի վառ դարձրեց»,- նշվել է ԱՄՆ նախկին նախագահի եւ նրա կնոջ՝ Միշելի հայտարարությունում։
Հեռուստաալիքը նշել է, որ Քեմփբելը շարունակում էր աշխատել Օբամայի ընտանիքի համար նախագահի պաշտոնից նրա հեռանալուց հետո։




























