Պալերմոյի՝ Սիցիլիա կղզու վարչական կենտրոնի օդանավակայանը փակ է, համենայն դեպս, մինչեւ կեսօր՝ անտառային հրդեհի պատճառով, որն առաջացել է ուժեղ շոգից։ Ինչպես երեքշաբթի տեղեկացրել է ANSA գործակալությունը, հրդեհն սկսվել է օդանավակայանի մոտ գտնվող բլրի կանաչ շերտում, կրակն ընդհուպ մոտեցել է շինություններին եւ թռիչքուղուն։
Առայժմ տեղեկացվել է չեղարկված ութ չվերթների մասին։
Ինչպես նշել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տեղի բաժանմունքը, հրդեհներ են սկսվել նաեւ քաղաքի այլ շրջաններում։ Հրդեհներից մեկն սպառնում է տեղի հիվանդանոցներից մեկին։ Տարածվող կրակի պատճառով փակ են տեղի ճանապարհների որոշ հատվածներ։
Միաժամանակ, Իտալիայի հյուսիսային մասում, Միլանում եւ նրա շրջակայքում անցած գիշեր սկսվել են տեղատարափ անձրեւներ եւ ամպրոպ, տասնյակ ծառեր արմատախիլ են արվել։ 16-ամյա մի աղջիկ մահացել է Բրեշիայի մոտ տեղակայված սկաուտների ճամբարում. արմատախիլ եղած ծառն ընկել է նրա վրա։





























