Հունաստանի հրշեջները երեքշաբթի շարունակում են անտառային հրդեհների դեմ պայքարը Հռոդոս, Կորֆու (Կերկիրա) եւ Էվբեա կղզիներում, որտեղ մշտապես առաջ են գալիս կրկնակի հրդեհներ օջախի մարումից հետո, տեղեկացրել է ERT-1 հեռուստաալիքը։

Հռոդոսում անտառային հրդեհը մարում են արդեն ութերորդ օրը։ Խոշոր օջախը նորից բռնկվել է երեքշաբթի Մատի շրջանում, հրդեհին նպաստում է ուժեղ քամին։ Կրակը Վատիից տեղափոխվել է Գենադի, որտեղ ամբողջ գիշեր կրակի դեմ պայքար են մղել հարյուրավոր հրշեջներ եւ կամավորականներ։ Երեքշաբթի առավոտվանից նորից սկսել է աշխատել հրշեջ ավիացիան։ Հրդեհի օջախներ կան նաեւ Մասարա եւ Ապոլոն շրջաններում։

Արբանյակային լուսանկարից, որն արվել է Sentinel-2 արբանյակից, Հռոդոսում, կիրակի օրվա տվյալներով հրդեհը ոչնչացրել է ավելի քան 10,7 հեկտար անտառ, տարածքը, հնարավոր է, որ ավելանա եւ հասնի 15 հազար հեկտարի, որը համապատասխանում է կղզու ողջ մակերեսի 10 տոկոսին։

Կորֆու կղզում հրշեջներն առավոտվանից մարում են հրդեհը Պալիա Պերիտիա գյուղի մոտ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ կրակը ներկա պահին տեղափոխվում է դեպի Լուցես կղզի։ Թվում էր, թե երկուշաբթի հրդեհի հետ կապված իրավիճակը մեղմվել էր, բայց երեքշաբթի առավոտյան կրակը նորից բռնկվեց եւ արդեն հասել է Անապավսի շրջանին։ Կրակի օջախները կղզում մարում են հրշեջները ցամաքում, ինչպես նաեւ 4 ինքնաթիռ եւ ուղղղաթիռ։ Շուտով դրանց կմիանան այլ միջոցներ։

Էվբեա կղզում գիշերն անցկացվել է Պլատանասիո շրջանի բնակիչների տարհանում դեպի Կարիստոս քաղաք։ Այստեղ աշխատում են տասնյակ հրշեջներ։

Իրավիճակը բարելավվել է Էգիոն քաղաքի մոտ Պելոպոնես թերակղզում, հրդեհն այս շրջանում, չնայած կրկնակի բռնկվող օջախներին, հիմնականում նահանջել է։ Կրակի մարման համար գործադրվել են հրշեջ ինքնաթիռներ՝ օգնելով հրշեջներին ցամաքում, որոնք անձնուրացաբար պայքարում էին կրակի դեմ ամբողջ գիշեր։