Տաջիկստանում տեղացող տեղատարափ անձրեւները հանգեցրել են սելավների երկրի հյուսիսային Սոգդիի մարզում, բարձրացել են գետի ջրերը Լյախշի շրջանում (երկրի արեւելք)։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության կոմիտեի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին։
«Տեղատարափ անձրեւների պատճառով Սոգդիի մարզի Ուրմետան գյուղում սելավները հեղեղել են տարածքը եւ մասամբ վնասել տեղական նշանակության ճանապարհները, օժանդակ կառույցներն ու բնակելի տները։ Նախնական տվյալներով՝ սելավները վնաս են հասցրել 63 տնային տնտեսության, դրանցից 7-ը՝ բնակելի տներ, 56-ը՝ օժանդակ կառույցներ եւ տնամերձ հողամասեր»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ վնասը պարզելու եւ օգնություն ցուցաբերելու համար մարզ է ժամանել Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության կոմիտեի աշխատանքային խումբը։





























