Զբոսաշրջիկների այցը Վրաստան դրական է անդրադառնում երկրի տնտեսության վրա, գլխավորն այն է, որ բոլորը հարգեն Վրաստանի սահմանադրությունը։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
Ավելի վաղ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը՝ մեկնաբանելով Բաթումիի նավահանգիստ Astoria Grande զբոսանավի ժամանման հետ կապված բողոքի ակցիան, հայտարարել է, որ ոչ ոք չպետք է սպասի, որ վրացիները կողջունեն Ռուսաստանի ժողովրդին՝ հաշվի առնելով Վրաստանի տարածքային խնդիրները:
«Վրաստանի դռները բաց են զբոսաշրջիկների համար։ Դա կարող է լինել ռուս, եվրոպացի, ամերիկացի: Ես խնդիր չեմ տեսնում։ Թող գան, կարեւորը, որ բոլորը հարգեն Վրաստանի սահմանադրությունը եւ պահպանեն օրենքը։ Թող փող ծախսեն, չէ որ այդ փողերը գնում են Վրաստանի տնտեսություն»,-ասել է Կալաձեն։
Նրա խոսքով ՝ վրացական ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակներում եւ պաշտպանում է Վրաստանում գտնվող ցանկացած քաղաքացու:





























