Սենեգալում ցույցերի ժամանակ զոհվել է երկու մարդ։ Բողոքները կապված էին ընդդիմադիր Ուսման Սոնկոյին դատախազության ներկայացրած մեղադրանքների հետ։ Այս մասին X-ում հայտարարություն է տեղադրել Սենեգալի ՆԳՆ-ն։
«Ներքին գործերի նախարարը տեղեկացվել է այս երկուշաբթի Զիգիմշորի ցույցի ժամանակ հայտնաբերված երկու անշունչ մարմինների մասին»,- նշվել է հայտարարությունում։
ՆԳՆ ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ բնակչությանը հանգստություն պահպանելու կոչ է արել։
Հուլիսի 31-ին Սենեգալի դատախազությունը ընդդիմության ղեկավար Ուսման Սոնկոյին մեղադրանքներ է ներկայացրել։ Ինչպես տեղեկացրել է Agence de Presse Senegalaise գործակալությունը, քաղաքական գործչին հետապնդում են մեղադրանքի ութ կետերով, այդ թվում՝ ապստամբության կոչ, հանցագործությունների միավորում, ոտնձգություն պետական անվտանգության դեմ, դավադրություն պետական իշխանության դեմ, հանրային անվտանգության խափանմանն ուղղված գործողություններ եւ լուրջ քաղաքական անկարգությունների կազմակերպում։
Սոնկոն գլխավորում է 2014թ. հիմնադրված «Սենեգալի հայրենասերները հանուն աշխատանքի, էթիկայի եւ եղբայրության» կուսակցությունը։ Նա մասնակցել է 2019թ. նախագահական ընտրություններին եւ զբաղեցրել երրորդ տեղը 16 տոկոս ձայներով։ Սոնկոն մինչ այդ հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել ընտրություններին, որոնք տեղի են ունենալու 2024թ. փետրվարին։ Սակայն հունիսի 1-ին դատարանը 49-ամյա Սոնկոյին դատապարտել է երկու տարվա ազատազրկման մանկահասակների բռնաբարության համար։ Դատարանի այս որոշումը ընդդիմության ղեկավարին զրկում է ընտրություններում թեկնածությունը դնելու հնարավորությունից։ Սենեգալի գործող նախագահ Մակի Սալը հայտարարել է, որ չի փորձելու վերընտրվել։





























