Պաղեստինցի փախստականների Այն-ալ-Հիլվա ճամբարում (Լիբանանի հարավ) նորից սրվել է՝ չնայած հուլիսի 31-ին ՖԱԹՀ եւ ծայրահեղական խմբավորումների միջեւ հայտարարված հրադադարի համաձայնագրին։ Ինչպես հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը, փողոցային հրաձգությունները, որոնք շարունակվում են արդեն երրորդ օրը, հանգեցրել են այն բանին, որ ավելի քան 2 հազար բնակիչներ հեռացել են իրենց տներից եւ տեղավորվել ճամբարի սահմաններից դուրս, ավելի անվտանգ տեղերում։
Բժշկական աղբյուրների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 11 հոգու, 54 մարդ վիրավորվել է։
Ինչպես տեղեկացրել է «Իսլամական ջիհադ» կազմակերպության ղեկավարության անդամ Իհսան Աթայան, հրադադարի վերականգնման բանակցությունները կողմերի միջեւ կշարունակվեն օգոստոսի 1-ին։ «Ձեռք է բերվել պայմանավորվածություն ՖԱԹՀ ռազմական հրամանատար Աբու Աշրաֆ ալ-Արմուշիի զոհվելու հանգամանքների հետաքննություն կատարելու վերաբերյալ, որի դեմ հուլիսի 30-ին մահափորձ է կատարվել»,- նշել է Աթայան։ Նրա խոսքով՝ ՖԱԹՀ հրամանատարի սպանությունը դարձել է զինված բախումների պատճառ։ «Մենք կոչ ենք անում մարտիկներին դադարեցնել կրակը եւ հեռանալ Այն-ալ-Հիլվա ճամբարի փողոցներից, որպեսզի անդորրը վերահաստատվի»,- ասել է նա։
Իր հերթին, Լիբանանում ՖԱԹՀ շարժման պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Թահան ընդգծել է, որ բախումը ճամբարում հրահրվել է այն պահին, երբ եգիպտական միջնորդությամբ ջանքեր են գործադրվում միավորելու պաղեստինյան շարքերը։ «Այն, ինչ տեղի է ունենում Այն-ալ-Հիլվայում, համապատասխանում է նրանց մտահղացումներին, ովքեր ջանում են թիկունքից հարված հասցնել պաղեստինցիներին այս պատասխանատու պահին»,- ասել է նա։
Ճամբարում, որտեղ թաքնվում են ծայրահեղական խմբավորումների անդամները, զինված բախումներ տեղի են ունեցել 2023թ. մարտին եւ մայիսին, սակայն դրանք այսքան դաժան չեն եղել։
Այն-ալ-Հիլվայում (պաղեստինցիների ամենամեծ ապաստարանը Լիբանանում) ապրում է 85 հազար մարդ։ Երկրում 12 պաղեստինյան ճամբար կա, որոնք ունեն ներքին ինքնավարություն, իսկ փախստականների ընդհանուր թիվը 450 հազար է։





























