Դանիայի պաշտպանության նախարար եւ «Վենստրե» կուսակցության (Լիբերալ կուսակցություն) նախագահ Յակոբ Էլեման-Յենսենը վերադարձել է պարտականությունների կատարմանը սթրեսից կես տարի բուժվելուց հետո։

Իր վերադառնալու մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքում՝ ավելացնելով, որ բուժման մեջ գտնվելով՝ մտավախություն է ունեցել, որ այլեւս երբեք չի կարողանա աշխատել։ «Սթրեսը կարող է ընկալվել որպես մահվան դատավճիռ, եւ ոչ միայն կարիերայի, այլեւ առհասարակ կյանքի համար»,- գրել է նա։

Նախարարի առողջական խնդիրները սկսվել էին փետրվարին։ Որոշ ժամանակ անց նա ստիպված է եղել թողնել աշխատանքը, իսկ հետո հոսպիտալացվել է։ «Թվում էր, թե գլուխս մասերի է բաժանվում, եւ ինձ համար դժվար էր կանգնել»,- իր վիճակն այսպես է նկարագրել Էլեման-Յենսենը։

Նրա բացակայության ժամանակ ռազմական գերատեսչության ղեկավարի պարտականությունները կատարել է Թրոել Լունդ Փոուլսենը։