Եվրամիությունը եւ Թուրքիան բանակցություններ են վարում մաքսային միության համաձայնագրի ընդլայնման մասին։ Դա տեղի է ունենում երկկողմ հարաբերությունների ջերմացման համատեքստում, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Անկարայի հավանության սկզբունքային պայմանավորվածությունից հետո, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

«Ես միշտ կարծել եւ մինչեւ այժմ էլ կարծում եմ, որ մաքսային միության արդիականացումը, ըստ էության, իրականանալի է։ Իհարկե, կան որոշ խոչընդոտներ, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարելի է կառուցել ավելի սերտ համագործակցություն»,- գործակալությունը մեջբերել է բյուջեի գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանի խոսքերը։ Գործակալությունը նաեւ ուշադրություն է դարձրել այն բանին, որ անցած ամիս ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարել էին, որ պատրաստ են աշխատել «Թուրքիայի հետ երկկողմ կապերի ամրապնդման» ուղղությամբ այն բանից հետո, երբ Անկարան սկզբունքային համաձայնություն էր տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալուն։ Բացի այդ, տնտեսության հարցերի եվրահանձնակատար Պաոլո Ջենթիլոնին վերջին երկու շաբաթվա ընթացքում «արդեն երկու անգամ հանդիպել է» Թուրքիայի ֆինանսների եւ գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքի հետ, որպեսզի «քննարկի Թուրքիայի կառավարության տնտեսական քաղաքականությունը եւ Անկարայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները»։

Հուլիսին Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ իր երկիրը հույս ունի «օգտագործել ԵՄ-ի հետ առեւտրային կապերի ամրապնդումը գնաճի զսպման եւ միությանը հետագա անդամակցության համար»։ Որպես հնարավոր անդամակցության առաջին քայլեր նա նշել էր «թուրքական որոշ գյուղատնտեսական ապրանքների եւ ծառայությունների ներառումը մաքսային միության համակարգում»։ Մինչ այժմ տնտեսական համաձայնագիրը նախատեսում էր միայն արդյունաբերական ապրանքների միասնական սակագներ, բայց չէր տարածվում գյուղատնտեսական ծառայությունների կամ արտադրանքի վրա, բացի վերամշակված գյուղատնտեսական արտադրանքից։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հուլիսի 10-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի մասնակցությամբ եռակողմ խորհրդակցությունների արդյունքների հիման վրա, լրագրողներին ասել էր, որ Անկարան սկզբունքային համաձայնություն է տվել Ստոկհոլմի հայտին՝ Թուրքիայի եւ ԵՄ մաքսային միության ընդլայնման եւ հետագայում Թուրքիային միությունում անվիզա ռեժիմ տրամադրելու դիմաց։