Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետապնդումները հիշեցնում են 1930-ական թվականների նացիստական Գերմանիայի ժամանակները։ Այս մասին նշվել է հանրապետականի քարոզարշավի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

«Նախագահ Թրամփի եւ նրա համախոհների այդ հետապնդումների անօրինականությունը հիշեցնում է 1930-ական թթ. նացիստական Գերմանիայի եւ ավտորիտար բռնապետական այլ ռեժիմների ժամանակները։ Նախագահ Թրամփը միշտ հետեւել է օրենքին»,- նշվել է տեքստում։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր-Գրինը Թրամփին ներկայացված մեղադրանքներն անվանել է քաղաքականացված վհուկաորս։

ԱՄՆ հատուկ դատախազ Ջեկ Սմիթն ավելի վաղ հայտարարել էր Թրամփին մեղադրանքներ ներկայացնելու մասին չորս հոդվածներով՝ դավադրություն ԱՄՆ-ին խաբելու նպատակով, իրավունքների դեմ դավադրություն, դավադրություն պաշտոնական ընթացակարգին խանգարելու համար, պաշտոնական ընթացակարգերի խոչընդոտման փորձ։ ԱՄՆ նախկին նախագահին վերագրվում է իշխանությունը պահելու փորձ՝ չնայած 2020թ. նոյեմբերի ընտրություններում կրած պարտությանը, ի հաշիվ անօրինական գործողությունների։