ԱՄՆ ցամաքային զորքերը՝ բանակը, մշակում է սովորական սպառազինությունների կիրառման նոր ռազմավարություն՝ հիմնվելով ուկրաինական հակամարտության մոնիտորինգի ժամանակ արված եզրակացությունների վրա, հայտնում է Defense News շաբաթաթերթը։
«Նախկինում մենք կատարել ենք ռազմավարական զենքի մանրակրկիտ վերլուծություն, որը հիմք է հանդիսացել գերճշգրիտ զենքի կիրառման ռազմավարության համար։ Մենք հիմա նույնն ենք անում սովորական սպառազինությունների համար», - պարբերականին ասել է ԱՄՆ բանակի առաջադեմ հետազոտական հրամանատարության ղեկավար Ջեյմս Ռեյնին՝ հավելելով, որ «սպառազինության սովորական տեսակները նույնքան կարևոր են, որքան ճշգրիտ կառավարվողները»: Ռեյնիի խոսքով՝ հրետանային նոր ռազմավարությունը հիմնված է «Ուկրաինայում տեղի ունեցողի», ինչպես նաև ԱՄՆ-ի զորքերի խաղաղօվկիանոսյան ստորաբաժանումների հրատապ կարիքների վրա։
Ռազմավարությունը կորոշի ինչպես առկա զենքի հնարավորություններն ու ներուժը, այնպես էլ ցամաքային զորքերի կարիքներն ապագայում: Այն նաև կդիտարկի նոր տեխնոլոգիաներ, որոնք կարող են բարելավել սովորական հրետանու արդյունավետությունը, ինչպես օրինակ՝ կրակի հեռահարությունը մեծացնելու մշակումները: «Ինչպես տեսնում ենք Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, ճշգրիտ զենքը և նոր տեխնոլոգիաները մեծ նշանակություն ունեն, սակայն ավանդական, բարձր պայթյունավտանգ բեկորային հրետանին առանցքային դեր է խաղում մարտի դաշտում», - եզրափակել է Ռեյնին:





























