Աշխարհին անհրաժեշտ է իրական Եվրոպա՝  իր արևելյան հատվածում, Միջերկրական ծովում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում  խաղաղարարի դերով, ասել է  Ֆրանցիսկոս պապը, տեղեկացնում է Vatican News-ը։ Նրա խոսքով,  այդ դերը հատկապես այժմեական է դարձել Ուկրաինայում հակամարտության շարունակման ֆոնին։

«Աշխարհին անհրաժեշտ է Եվրոպա, իսկական Եվրոպա. նրան պետք է կամուրջի և խաղաղարարի դերակատարումը իր արևելյան մասում, Միջերկրական ծովում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Խորը սիրով Եվրոպայի հանդեպ և երկխոսության ոգով, որն առանձնահատուկ է դարձնում այս մայրցամաքը, մենք կարող ենք հարցնել նրան. «Ո՞ւր ես դու լողում, եթե աշխարհին ցույց չես տալիս խաղաղության ճանապարհը, կրեատիվ ուղիները, որպեսզի վերջ դրվի Ուկրաինայի հակամարտությանը և շատ այլ հակամարտությունների, որոնք այդքան արյունահեղություն են առաջացնում»,- ասել է պոնտիֆիկոսը Պորտուգալիա կատարած այցի ժամանակ։

Նա ավելացրել է, որ արևմտյան պետությունները շեղվել են ճանապարհից՝ թույլ տալով սպառել մարդկության իրական կապիտալը՝ կրթությունը, առողջապահությունը և ընդհանուր բարեկեցությունը: Հռոմի պապն ընդգծել է, որ երազում է այն Եվրոպայի՝ Արևմուտքի սրտի, մասին, որն «ուղարկում է իր մեծ տաղանդներին հակամարտությունները լուծելու և հույսի ճրագներ վառելու համար»։