ԱՄՆ նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, 2017-2018թթ. 5,5 մլն ընդհանուր գումարի եկամուտ է ստացել, այդ թվում ուկրաինական Burisma Holdings էներգետիկ ընկերությունից՝ չնայած ալկոհոլի եւ թմրանյութերի չարաշահմանը։ Այսպիսի տեղեկություններ են ներկայացված Ջո Բայդենի որդու՝ հարկերի չվճարման գործով քննության նախագծում։
Փաստաթղթում նշվել է, որ 2016-ից Հանթեր Բայդենը չարաշահել է ալկոհոլն ու ծանր թմրանյութերը, իսկ 2018թ. ողջ գարունն ու ամառը, իր իսկ հուշերի համաձայն, անցկացրել է «անդադար շվայտության» մեջ։ Ընդ որում, նա շարունակել է եկամուտներ ստանալ, բայց սահմանված ժամկետում չի վճարել հարկերը՝ չնայած բավականաչափ միջոցների առկայությանը։
2017թ. ներկայիս նախագահի որդին «ստացել է 1 մլն դոլարից մի փոքր պակաս մի ընկերությունից, որը նա հիմնել է չինական բիզնես-կոնգլոմերատի ղեկավարի հետ, 666 666 դոլար իր բիզնես-շահերի համար հայրենիքում, մոտ 664 000 դոլար չինական ենթակառուցվածքային ներդրումային ընկերությունից, 500 000 դոլար որպես պարգեւավճար ուկրաինական էներգետիկ ընկերության տնօրենին, 70 000 դոլար ռումինական ձեռնարկությունից եւ 48 000 դոլար բազմազգ իրավաբանական ընկերությունից»։
2018թ. Հանթեր Բայդենը շարունակել է «կարգին վաստակել եւ անվերահսկելի ձեւով մսխել», նշվել է փաստաթղթում։ Այդ շրջանում նա ստացել է մոտ 2,6 մլն դոլար չինական կոնգլոմերատի եւ ուկրաինական էներգետիկ ընկերության հետ համատեղ հիմնած ընկերություններից։ Նախագծում չի նշվել, թե որ ուկրաինական ձեռնարկության մասին է խոսքը, ինչպես հիշեցրել է Bloomberg գործակալությունը, մինչ այդ նախագահի որդին խոստովանել է Burisma-ի հետ ունեցած գործնական կապերի մասին։
Բայդենի որդու հետաքննությունը սկսվել է 2018թ., երբ հայտնի էր դարձել, որ այդ շրջանում նա ունեցել է Colt Cobra ատրճանակ եւ թմրանյութեր է օգտագործել։ Ամերիկյան օրենսդրությունն արգելում է ձեռք բերել կամ պահել զենք այն մարդկանց, որոնք օգտագործում կամ պահում են թմրանյութեր։ Այդ նույն ժամանակաշրջանում ԱՄՆ նախագահի (որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը) որդին անտեսել է հարկերի վճարման մասին իշխանությունների պահանջները։ Դատախազության որոշումները, որոնց մասին հայտնի է դարձել հանրությանը, եւ որոնք թույլ են տվել Հանթեր Բայդենին խուսափել բանտարկությունից, տարակուսանք են առաջացրել ընդդիմության շրջանում՝ հանձին ԱՄՆ Հանրապետական կուսակցության։





























