Իսրայելում դատական բարեփոխման հակառակորդների խումբը չորեքշաբթի երեկոյան բողոքի նոր ցույց է կազմակերպել Թել Ավիվում, տեղեկացրել է The Times of Israel թերթը։

Ինչպես հայտնել է պարբերականը, ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում, Ռոտշիլդի զբոսայգում, որտեղից, իսրայելական դրոշները ճոճելով եւ վանկարկելով հակակառավարական կարգախոսներ, ուղղվել են դեպի Թել Ավիվի Օկրուգային դատարանի շենք՝ իրենց աջակցությունը հայտնելու երկրի դատական համակարգի աշխատակիցներին։ Այնուհետեւ ցուցարարներն ուղղվել են դեպի կառավարական շենքերի համալիր քաղաքի արեւելքում, որտեղ ընդդիմությունն անցկացնում է իր բոլոր հիմնական ցույցերը, ինչից հետո ցրվել են։

The Times of Israel-ի գնահատականներով՝ ցույցին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Որեւէ միջադեպի մասին չի տեղեկացվել։

Զանգվածային բողոքներն Իսրայելում շարունակվում են տարեսկզբից, երբ կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, ներկայացրեց ծավալուն դատական բարեփոխումը։ Ընդդիմությունն անմիջապես դեմ հանդես եկավ նախագծին՝ համարելով, որ այն խափանում է դեմոկրատիայի հիմքերն Իսրայելում։ Կառավարությունն իր հերթին պնդում է, որ բարեփոխումը, հակառակը, երկրի քաղաքական համակարգն ավելի դեմոկրատական է դարձնում։ Կառավարող կոալիցիայի եւ ընդդիմության փոխզիջումային լուծում գտնելու փորձերը մինչեւ այժմ հաջողությամբ չեն պսակվել՝ չնայած երկրի նախագահ Իցհակ Հերցոգի միջնորդական ջանքերին։

Հուլիսի 24-ին Իսրայելի խորհրդարանը հաստատել է առաջին օրենքը դատական բարեփոխման շրջանակում, որը սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները կառավարության որոշումների չեղարկման մասով։ Ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը։ Դրա արդյունքների հիման վրա բողոքների կազմակերպիչները հայտարարել են, որ շարունակելու են ցույցերը, մինչեւ որ հասնեն բարեփոխումների չեղարկմանը։