Ավելի քան 334 հազար սուդանցիներ ստիպված են եղել մեկ շաբաթում հեռանալ իրենց տներից, իսկ ապրիլի 15-ից, երբ երկրում սկսվել են բախումները, ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը։ Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը (ՀՀՀՎ)։

«ՀՀՀՎ-ն նախազգուշացնում է, որ քաղցը եւ բնակիչների տեղահանումը շարունակվող պատերազմի պատճառով դուրս են եկել վերահսկողությունից»,- նշվել է հաղորդագրությունում։ «Ավելի քան 334 հազար  մարդ դարձել է տեղահանված երկրի ներսում ընդամենը մեկ շաբաթում»,- նշել է վարչությունը՝ վկայակոչելով Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալները։ Ապրիլի 15-ից «Սուդանի ներսում տեղահանվել է ավելի քան 3 մլն մարդ», ավելի քան 885 հազար սուդանցի «փախել է հարեւան երկրներ»։

Ինչպես նշել է ՀՀՀՎ-ն, Սուդանի ավելի քան 20 մլն բնակիչ «բախվում է պարենի սուր անբավարարության խնդրին», իսկ ավելի քան 6 մլն հոգի կամ բնակչության մոտ 13 տոկոսն այժմ «քաղցից ընդամենը մեկ քայլ է հեռու»։