Նյու Յորքում կակաոյի ֆյուչերսների գինը գերազանցել է մեկ տոննան 3,5 հազար դոլարը։ Արժեքի աճի հիմնական պատճառը արտադրության կրճատումն է Արեւմտյան Աֆրիկայում, որը կակաոյի հատիկների համաշխարհային բերքի երկու երրորդի հիմնական մատակարարն է։ Տեղատարափ անձրեւները Կոտ դ՛Իվուարում եւ Գանայում՝ կակաոյի հատիկների գլխավոր արտադրող երկրներում, բացասաբար են անդրադարձել բերքի վրա, գրել է «Իզվեստիա» թերթը։
Դա կապված է Էլ Նինյո կլիմայական երեւույթի հետ, որը հանգեցնում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասի մակերեսի բարձր ջերմաստիճանի։ Աֆրիկայում այն առաջ է բերել ուժեղ անձրեւներ, իսկ Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայում՝ արտասովոր շոգ։
Կակաոյի հատիկների բերքի մի մասը ոչնչացել է հիվանդությունների եւ հորդառատ անձրեւների պատճառով, տեղեկացրել է Ghana Cocoa Marketing Company-ի ղեկավար Ֆուադ Մոհամեդ Աբուբաքարը։ Դրա հետեւանքով ֆաբրիկաները չեն ստանում մթերքի բավականաչափ քանակություն։
Համավարակի ժամանակ բնական շոկոլադի սպառումը, որի կարեւոր բաղադրիչը կակաոյի հատիկներն են, նվազել էր, ինչը թույլ էր տվել արտադրողներին ստեղծել հումքի պաշարներ։ Սակայն այդ ապրանքի պահանջարկը սկսել է վերականգնվել, իսկ պաշարները՝ փոքրանալ։ Նոր խմբաքանակների մատակարարումները սպառնալիքի տակ են հիմնական արտահանող երկրների խնդիրների պատճառով, նշել է Fontvielle ընկերության գլոբալ շուկաների գծով վերլուծաբանական վարչության ղեկավար Արթուր Մեյհնարդը։
Bloomberg-ի կանխատեսմամբ՝ կակաոյի հատիկների բերքը Կոտ դ՛Իվուարում (որը պատասխանատու է շուկայի 40 տոկոսի ապահովման համար) կկրճատվի 20 տոկոսով՝ անցած տարվա համեամտ, իսկ Գանայում բերքն ավելի ցածր կլինի միջին պատմական մակարդակից։
Կակաոյի հատիկների արտադրության նվազումը կանդրադառնա գների վրա համաշխարհային մասշտաբով։ Հյուսիսամերիկյան ֆաբրիկաները կրճատել են արտադրությունը մոտ 12 տոկոսով երկրորդ եռամսյակում՝ հասնելով ամենացածր մակարդակին 2008-ից ի վեր, նշել է Bloomberg-ը։ Եվրոպական եւ ասիական ֆաբրիկաները նույնպես կրճատում են կակաոյի հատիկների արտադրությունը՝ հասցնելով նվազագույն ծավալի։ Աշխարհում շոկոլադի վաճառքի ծավալը 2022թ., Euromonitor-ի տվյալների համաձայն, կրճատվել է վեց տարվա ընթացքում առաջին անգամ։ Ֆաբրիկաները կրճատում են արտադրությունը կակաոյի բարձր գնի պատճառով, ինչը բացասաբար կանդրադառնա նրանց շահույթի, ինչպես նաեւ գնաճի վրա, որը կանդրադառնա սպառողների վրա։




























